Բաժին. Պաշտոնական

Սփյուռքի նախարարությունն ամփոփել է իր 5-ամյա գործունեության արդյունքները

Սփյուռքի նախարարությունն ամփոփել է իր 5-ամյա գործունեությունը: Միջոցառմանը մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախարարության աշխատակազմի, համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության գործընկեր կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչների, Հայաստան-Սփյուռք զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը շնորհավորել է Սփյուռքի նախարարության հիմնադրման հոբելյանի առթիվ, խոսել նախարարության առջև դրված խնդիրների, անցած ուղու և ձեռքբերումների, այդ կառույցի առաքելության ու նրա կողմից իրականացվելիք հետագա ծրագրերի մասին:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախարարությունն առաջիկայում կյանքի կկոչի ազգային նպատակների, համահայկական իղձերի իրագործմանն ուղղված ավելի մեծ ծրագրեր և որոշ ժամանակ հետո իր աշխատանքի արդյունքներով կդառնա այնպիսի կառույց, ինչպիսին ցանկանում է տեսնել յուրաքանչյուր հայ: Սերժ Սարգսյանը նախարարությանը մաղթել է նորանոր ձեռքբերումներ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համազգային այդ դժվարին առաքելության իրագործման ճանապարհին:

Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցների՝ երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար և մեր մի խումբ հայրենակիցների` Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահը հանձնել է ՀՀ պետական բարձր պարգևներ և ՀՀ Նախագահի շնորհակալագրեր:

Share