Բաժին. Պաշտոնական

Հայաստանը և Ֆրանսիան շահագրգռված են ընդլայնել ապակենտրոնացված գործակցության շրջանակները

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար Մարիլիզ Լեբրանշյուի հետ:

Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ ակտիվանում են նաև տնտեսական կապերը և խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորել են այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք և համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև արդեն ձևավորվել են ապակենտրոնացված համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում:

Հանդիպմանը նշվել է, որ արդեն երկրորդ անգամ անցկացվում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում փոխգործակցության կայացածության մասին և հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների և համայնքների միջև համագործակցությունն ավելի համակարգված և գործնական բնույթ ստանա:

Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կողմերն ընդգծել են այս ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը:

Փոխվարչապետն անդրադարձել է նաև ֆրանսիական տարբեր ընկերությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա, մասնավորապես, կարեւորել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների և գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարևոր են նաև Հայաստանի կառավարության համար:

Զրուցակիցները քննարկել են նաև ԶՖԳ աջակցությամբ նաև ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշել է, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ և կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվել են նաև հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշել է, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում և իրականացնում է վերապատրաստման ծարգրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները ևս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունելի է համարել` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաև ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը:

Share