Բաժին. Պաշտոնական

Քննարկվել են ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: Նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի գործակալությունների և ծրագրերի հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ, որոնք անդրադարձել են անցած քսան տարիների ընթացքում Հայաստանում իրենց կառույցների կողմից իրականացրած ծրագրերին, ներկայացրել իրագործվող նախագծերը։

Նախարար Նալբանդյանը, նշելով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի ակտիվ անդամներից մեկը՝ տարեցտարի ընդլայնելով իր ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին և համագործակցությանը, բարձր է գնահատել Հայաստանում անկախությունից ի վեր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աջակցությունը մեր երկրի զարգացմանը։

Հանդիպմանը մասնակիցների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է վերջերս Նյու-Յորք կատարած այցելության շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել սիրիահայերին ցուցաբերվող աջակցությանը ՄԱԿ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ։

Share