Բաժին. Պաշտոնական

Ազգային ժողովում քննարկվել է համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման նոր կարգը

Ազգային ժողովը մեկնարկել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ տարածքային կառավարման  նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ օրինագծի՝ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող պետական կառավարման մարմնի ներկայացրած՝ հաշվարկվող տարվան նախորդող, բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված բնակչության թիվն ըստ համայնքների:

Օրինագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2014 և 2015 թվականներին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մինչ այդ դոտացիաների հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ վիճակագրական մարմինների ներկայացրած մշտական բնակչության թիվը:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ:

Նա, միաժամանակ, նշել է, որ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները այնքան քիչ են, որ չեն կարող համայնքների զարգացման նպատակ հետապնդել: Ըստ նրա՝ որպեսզի համայնքները զարգանան, անհրաժեշտ է խոշորացնել համայնքները, ընդունել նոր օրենք և համայնքների զարգացման հայեցակարգ:

Share