Բաժին. Պաշտոնական

Այսօր մեր երկրում հաշվառվում է 70 հազար գրանցված և ավելի քան 200 հազար չգրանցված գործազուրկ

Այսօր մեր երկրում գրանցված գործազուրկների թիվը մոտ 70 հազար է, իսկ չգրանցված գործազուրկների թիվը գերազանցում է 200 հազարը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ ներկայացնելով ԱԺ նիստում քննարկման դրված՝ «Զբաղվածության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ըստ նրա, կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթն ուղղված է փոփոխություններ իրականացնելու զբաղվածության ոլորտում և գործազուրկների համար ստեղծելու իրական աշխատատեղեր: Նա նկատել է, որ գործազրկության նպաստներն առաջիկայում ուղղվելու են հենց այդ նպատակին: Այն ընտանիքները, որոնք կհամապատասխանեն անապահովության սահմանված աստիճանին, կօգտվեն սոցիալական աջակցության ծրագրից և որոշակի ժամանակահատված կստանան 36000 դրամ ընտանեկան նպաստ: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ օրենքի ընդունումը հանգեցնելու է գործազրկության չափերի իրական նվազեցման:

Այնուհետև, մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են իրենց դիրքորոշումներն ու կարծիքները փաթեթի և գործազրկության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:

Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացումը, ինչը, ըստ նրա, կնպաստի գործազրկության չափերի նվազեցմանը: Նրա կարծիքով, գործազրկության նվազեցման համար անհրաժեշտ է ունենալ արդյունաբերության զարգացման ծրագիր եւ կատարել աշխատաշուկայում պահանջված մասնագիտության ընտրություն:Մհեր Շահգելդյանը, ողջունելով ներկայացված օրենսդրական փաթեթը, այնուամենայնիվ նկատել է, որ այն լրամշակման կարիք ունի. անհրաժեշտ է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված քվոտաների, իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հոդվածները:Սուքիաս Ավետիսյանը եւս անհրաժեշտ համարել մասնագիտության ճիշտ ընտրությունը, աշխատաշուկայի առաջարկ-պահանջարկին ուշադրություն դարձնելը: Նա կարեւորել է մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու հարցը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով, ներկայացված փաթեթով հնարավոր չէ առաջընթաց ապահովել զբաղվածության ոլորտում, քանի որ «Զբաղվածության մասին» օրենքի նախագծի բազմաթիվ հոդվածներ հռչակագրային բնույթի են: Նա դեմ է արտահայտվել գործազրկության համար տրվող նպաստի վերացման դրույթին: Չկիսելով գործընկերոջ բացասական դիրքորոշումն ու հոռետեսական կանխատեսումները, Մարգարիտ Եսայանն անհրաժեշտ է համարել «ժողովրդի միջից հանել նպաստ ստանալու հոգեբանությունը» եւ աշխատանքով արժանապատիվ ապրելու հոգեբանության ներարկումը: Պատգամավորի կարծիքով, փաթեթը լրամշակման եւ հստակեցման կարիք ունի:

Հովհաննես Մարգարյանն անհրաժեշտ համարելով «Զբաղվածության մասին օրենքի նախագծի ընդունումը, ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկները: Ըստ նրա, անհրաժեշտ է խրախուսել այն կազմակերպություններին, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ ոչ թե պարտադիր քվոտաներ սահմանել նրանց համար: Էդմոն Մարուքյանը, բարձր գնահատելով փաթեթում ամրագրված գաղափարները, անհստակ է գնահատել նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման մեխանիզմները: Ռուբիկ Հակոբյանը օրինագծերի փաթեթը համարել է դժվար կենսագործելի «ցանկությունների ժողովածու», որն ի զորու չէ լուծելու ոլորտում առկա խնդիրները: Պատգամավորը, ինչպես և նրա գործընկերներից շատերը, ներկայացրել է առաջարկներ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության բացասական դիրքորոշումը օրինագծերի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա, չհամաձայնելով գործընկերների հնչեցրած որոշ մտքերի հետ, որոնք վերաբերում էին գործազրկության համար տրվող նպաստներին և դրանց հետեւանքներին, տեսակետ է հայտնել, ըստ որի, մեր երկրում գործազրկության թիվ մեկ խնդիրն աշխատատեղեր չլինելն է, եւ ոչ թե մասնագետների բացակայությունը: Նրա կարծիքով՝ ներկայացված փաթեթը չի կարող դրական ազդեցություն ունենալ ոլորտում և նվազեցնել գործազրկության չափերը:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն անդրադարձել են ելույթներում հնչած տեսակետներին եւ տվել պարզաբանումներ:

Share