Բաժին. Պաշտոնական

Մարսելում բացվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

Մարսելում բացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Միջոցառման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ողջյունի խոսքով: Նա կարևորել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ Մարսելը առանձնահատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ «Հայերի ներկայությունը Մարսելում սկիզբ է առել դեռ վաղ միջնադարում։ Արևելքի և Արևմուտքի միջև արտոնյալ առևտուր իրականցնող հայ վաճառականները ակտիվ գործունեություն էին ծավալում այս քաղաքում»,- ասել է նախարար Նալբանդյանը։

«Մարսելը դարձավ առաջին ֆրանսիական քաղաքը, որը հյուրընկալեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Նրանցից շատերը հաստատվեցին այստեղ, դարձան իրական մարսելցիներ և մինչ այսօր իրենց ներդրումն են բերում քաղաքի զարգացմանը։ Այսօր, Մարսելն իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատով, վկայում է հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ իրենց Հայրենիքի հետ կապվածության մասին։ Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Մարսելի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին՝ մարսելահայերին շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար», – իր խոսքում ընդգծել է նախարարը:

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ այն՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր հերթին ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանսիայում բարեկամ Հայաստանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը, քանզի ինքը ամենաջերմ զգացմունքներն է տածում հայ ժողովրդի նկատմամբ և Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման ջատագովներից է։

Մարսելի քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայերը զգալի ներդրում ունեն իր ղեկավարած քաղաքի զարգացման և բարգավաճման գործում, նաև յուրատեսակ կամուրջ են հանդիսանում Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման համար։ Նա ընդգծել է, որ Մարսելը Երևանի հետ համագործակցում է կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և մի շարք այլ կարևոր ուղղություններով։ Ժան-Կլոդ Գոդենը վստահություն է հայտնել, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը էլ ավելի կխթանի հայ-ֆրանսիական բարեկամական փոխհարաբերությունների խորացումը։

Share