Բաժին. Պաշտոնական

Քննարկվել են «Հաշվապահական հաշվառման մասին» և «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» օրենքների նախագծերը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 28-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ` քննարկելու «Հաշվապահական հաշվառման մասին» և «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, կառավարության, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ և ոլորտի պատասխանատուներ:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է գարնանային նստաշրջանի ընթացքում ընդունել վերոնշյալ օրենքների նախագծերը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ նոր օրենքների ընդունումը էական նշանակություն կարող է ունենալ օրենսդրական դաշտը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու տեսանկյունից, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ներդրումների համար:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ներկայացնելով օրենքների նախագծերը, նշել է, որ սահմանված ժամանակացույցով՝ սկսած 2009թ.-ից ՀՀ-ում գործող կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը վարում են համաձայն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների: Նշվել է, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրինագծում սահմանվում են չափանիշներ այն կազմակերպությունների համար, որոնք հաշվապահական հաշվառում են վարելու ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափորոշիչների ամբողջական փաթեթին և փոքր ու միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտին համապատասխան:

Նոր օրենքի ընդունմամբ կտարանջատվեն ՖՀՄՍ-ների ամբողջական փաթեթին և ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող առևտրային կազմակերպությունների շրջանակները, որը կազմակերպություններին հնարավորություն կտա զգալիորեն պարզեցնելու և առավել արդյունավետ կազմակերպելու հաշվապահական հաշվառման աշխատանքները:

Անդրադառնալով հաջորդ օրինագծին՝ փոխնախարարը նշել է, որ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի ստանալու հուսալի և արժանահավատ տեղեկատվություն պետական մարմինների ֆինանսական վիճակի վերաբերյալ, պետական մարմինների ղեկավարներին ստանալու անհրաժեշտ օպերատիվ և արժանահավատ տեղեկատվություն կառավարչական որոշումներ կայացնելու համար, իրականացնելու արդյունավետ վերահսկողություն պետական մարմինների գործունեության նկատմամբ, հաշվապահական հաշվառման միասնական մեթոդաբանության հիման վրա անհրաժեշտության դեպքում ստանալու համախմբված ֆինանսական հաշվետվություններ պետության ֆինանսական վիճակի վերաբերյալ:

Հիմնական զեկուցողը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են քննարկվող օրինագծերի դրույթներին, դրանց ընդունումից հետո հաշվապահների վերապատրաստման անհրաժեշտությանը և տնտեսվարող սուբյեկտների համար լրացուցիչ ռեսուրսների ներգրավվմանը, փոքր ու միջին բիզնեսի համար նոր կանոնակարգումների կատարմանը:

Խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացված օրինագծերի վերաբերյալ իրենց մոտեցումները ներկայացրել են Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը և նույն խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը: Նրանք կարևոր և անհրաժեշտ են համարել օրինագծերի ընդունումը, ներկայացրել են առաջարկներ:

Եզրափակիչ ելույթում Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվ ու արդյունավետ քննարկումների համար և հավաստիացրել, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում և անհրաժեշտության դեպքում կխմբագրվեն որոշ հոդվածներ: Փոխնախարարը հավաստիացրել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից ԱՊՀ երկրներում Հայաստանը համարվում է առաջատարը:

Ամփոփելով լսումները` Գագիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ քննարկումները հնարավորություն են ընձեռել մեկ անգամ ևս պատգամավորների, հանրության ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները, ներկայացնելու կարևոր առաջարկներ, որոնք կնպաստեն օրինագծերում առկա խնդիրների լուծմանը:

Share