Բաժին. Պաշտոնական

Երևանում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստ

Երևանում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը:

Նիստին մասնակցում էին պատվիրակություններ կազմակերպության անդամ 12 երկրներից, 9 դիտորդ և ներկայացուցիչներ գործընկեր երկրներից, ՍԾՏՀ կառուցվածքային կազմակերպություններից և միջազգային կազմակերպություններից:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման օրակարգում էին Սևծովյան տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման և ընդլայնման, ՍԾՏՀ և միջազգային կազմակերպությունների ԵՄ համագործակցության խթանման hարցերը:

Նիստը նախագահել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարն ամփոփեց ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները:

Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումը ավելի լայն հնարավորություն կընձեռի անդամ-պետությունների միջև համագործակցության խթանման, տնտեսության բնագավառում տարածաշրջանային և միջազգային բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ՍԾՏՀ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ՍԾՏՀ-ում հայկական նախագահության ընթացքում անց են կացվել շուրջ 70 միջոցառումներ` նախարարական հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ և աշխատանքային խմբերի նիստեր:

Նախարար Նալբանդյանը նշեց նաև, որ նախագահության ժամանակահատվածում առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը:

ՍԾՏՀ անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների ղեկավարներն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի գործունեությունը` որպես կազմակերպության նախագահող` նշելով, որ այդ շրջանում ՍԾՏՀ աշխատանքները ակտիվ էին և արդյունավետ:

Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Էդվարդ Նալբանդյանի կողմից Բուլղարիայի ԱԳ նախարար Կոնստանտին Վիգենինին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը:

Share