Բաժին. Պաշտոնական

Կայացել է եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանների խորհրդակցություն

Փարիզում կայացել է Եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն, որը վարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության շրջանակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, ամփոփել 2013թ. կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվել հաջորդ տարի իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Հանդիպմանը հատուկ ընդգծվել է եվրոպական երկրների և կառույցների հետ քաղաքական երկխոսության առավել զարգացման կարևորությունը, անդրադարձ է արվել դեսպանությունների գործունեության տնտեսական բաղադրիչի նշանակությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարակական կառույցների հետ աշխատանքներին։

Share