Բաժին. Պաշտոնական

Գերմանական KfW բանկը կաջակցի Հայաստանում էներգաարդյունավետության ծրագրերի իրականացմանը

Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը հանդիպել է kfW գերմանական զարգացման բանկի պատվիրակության հետ: Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր:

Հանդիպման շրջանակներում Սամվել Թադևոսյանը ներկայացրել է մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը: Նա ընդգծել է, որ ներկայում կառավարությունն առաջնահերթ է համարում կրթական օբյեկտնների էներգաարդյունավետության բարձարացումը: Այդ նպատակով արդեն Հայաստանի կառավարությունը հաստատել է մոտ 300 կրթական օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն: Սամվել Թադևոսյանը նշել է, որ կրթական օբյեկների հիմնանորոգման դեպքում որդեգրվել է համալիր մոտեցման սկզբունքը` սեյսմազինվածության ուժեղացումից մինչև էներգաարդյունավետության բարձրացում:

«Ուրախալի է, որ KfW գերմանական բանկի գործակցության մտադրությունը ներկայում նպատակաուղղվում է նաև մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին».- նշել է նախարարը:

KfW բանկի պատվիրակության ղեկավար Յան Բլումը տեղեկացրել է, որ ներկայում KfW բանկում մշակվում է մեր երկրի հետ գործակցության հետագա ուղղությունները և այդ համատեքստում կարևորվում է Հայաստանում էներգետիկ ոլորտի` այդ թվում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

KfW բանկի պատվիրակության անդամներն ընդունելի են համարել կրթական օբյեկտների հիմնանորոգման համալիր մոտեցման սկզբունքը և պատրաստակամություն հայտնեցին ծրագրերի կազմման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով:

Ծրագրի ուղենիշները մշակելու նպատակով, կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ուսումնասիրություններ կատարել վերոնշյալ կրթական օբյեկտներից որոշակի մասում:

Share