Բաժին. Պաշտոնական

Դեսպան. Թուրքմենստանի համար Հայաստանն արագ զարգացող հուսալի գործընկեր է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովին:

Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևոր նշանակություն է տալիս Թուրքմենստանի հետ հարաբերությունների խորացմանը և շահագրգռված է այդ հարաբերությունների ընդլայնման հարցում:

Նշվել է, որ երկկողմ կապերի ակտիվացմանը նոր թափ է հաղորդել 2012թ. Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ և ստորագրվել համաձայնագրեր:

Կողմերն անհրաժեշտ են համարել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը և քննարկել դրա խորացման հեռանկարները: Արծարծվել են օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության և այլ ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրագործմանն առնչվող հարցեր:

Կուրբաննազար Նազարովն ընդգծել է, որ ի դեմս Հայաստանի Թուրքմենստանը տեսնում է բարեկամ ժողովրդի և արագ զարգացող հուսալի գործընկերոջ:

Share