Բաժին. Պաշտոնական

Նպաստի խնդրին անդրադարձ կկատարվի 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ

Այսօր կայացած կառավարության նիստի շրջանակներում քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: 

Ըստ օրենքի 24-րդ հոդվածի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան մահացած է ծնվել: Հաշվի առնեով այն հանգամանքը, որ երբեմն կենսաբանորեն բարդ է սահմանազատել` երեխան մահացած է ծնվել, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, նախագծով առաջարկվում է հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Ընդունելով նշված խնդրի կարգավորման անհրաժեշտությունը` գործադիրն անհրաժեշտ է համարում միանվագ նպաստի նշանակման և վճարման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների հետ:

ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ: Գործադիրը նախագիծն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ԱԺ մի խումբ պատգամավորներին առաջարկել է օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: 

Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Share