Բաժին. Պաշտոնական

Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ.-ի տարեկան բյուջեն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Նիստի շրջանակներում խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ.-ի տարեկան աշխատանքային պլան-բյուջեի և գնումների պլանը: 2014 թ.-ի ընդհանուր պլան-բյուջեն կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար և բաղկացած է չորս բաղադրիչից՝ աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը (2 մլն 965 հազար ԱՄՆ դոլար), ենթակառուցվածքների զարգացում (գազամատակարարման և ջրամատակարարման աշխատանքներ 25 համայնքում-8 մլն 975 հազար դոլար), կառավարում՝ 872 հազար ԱՄՆ դոլար և գյուղական ֆինանսավորում՝ (այգեգործական վարկերի մշակում և տրամադրում՝ շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար):

Նիստում հաստատվել են ծրագրի շրջանակում 25 համայնքում գազամատակարարման, ոռոգման և ջրամատակարարման նախագծային աշխատանքների իրականացման համար որակի և գնի հիման վրա անցկացված խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները: Ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության վերաբերյալ:

Share