Բաժին. Պաշտոնական

2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը

ՀՀ վարչապետ Տ․Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:
Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետը հանձնարարել է պետկան գերատեսչությունների ղեկավարներին, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, հնարավորինս սեղմ ժամկետներում մշակել ծրագիրը, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետը նշել է. «Այս հավակնոտ փաստաթղթի ընդունմամբ պայմանավորված է մի շարք ծրագրերի իրականացումը: Ծրագիրը համապարփակ է և արտահայտում է կառավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը միտված արդյունաբերական ակտիվ քաղաքականության իրականացում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, որն ունի նաև քաղաքական բովանդակություն, տարածքների համաչափ զարգացում, սոցիալական, դեմոգրաֆիական խնդիրների լուծում, գիտության և կրթության ոլորտի զարգացում: Փաստաթղթում նկարագրված է նշված բնագավառների ուղղությամբ կառավարության քաղաքականությունը և այն, թե ինչպես ենք այդ ոլորտներում իրականացնելու բարեփոխումներ»:

Share