Բաժին. Պաշտոնական

Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հեփփիին։

Հանդիպման նպատակը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին ծրագրով Հայաստանի մարզերում իրականացված աշխատանքներին անդրադառնալն ու երկրորդ ծրագրի բանակցային գործընթացին առնչվող հարցերի քննարկումն էր։

Պարոն Միշել Հեփփին շնորհավորել է նախարարին վերանշանակվելու կապակցությամբ, մաղթելով նրան արդյունավետ գործունեություն և նշել է, որ ուրախ է առաջիկայում ևս համատեղ աշխատելու հնարավորության համար:

Նախարար Սերգո Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, դրական է գնահատել առաջին ծրագրի արդյունավետությունը, նշելով, որ տնտեսված միջոցների հաշվին հնարավոր է եղել 55-ի փոխարեն ծրագիրն իրականացնել հանրապետության 90 համայնքներում, ստեղծելով գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց արդյունքում ավելացել են գյուղացիների եկամուտները, բարելավվել գյուղատնտեսական հումքի իրացման պայմանները, ավելացել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը:

Քննարկման արդյունքում կողմերը կարևորել են ծրագրի շարունակականությունը և երկրորդ փուլի իրականացումը:

Քննարկվել են նաև ապահովագրական համակարգի ներդրման, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աշխատանքների և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

Share