Բաժին. Պաշտոնական

Հայաստանի և Լեհաստանի Կադաստրի կոմիտեները կհամագործակցեն

Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության պատվիրակությունը՝ Լեհաստանի Հանրապետության Գլխավոր գեոդեզիստի տեղակալ պարոն Յասեկ Յարզաբեկի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են միջազգային փորձագետ, պրոֆեսոր Զդզիսլավ Կուրչինսկին, գեոդեզիայի և երկրատեղեկատվական համակարգի վարչության պետ Յերզի Զիելինսկին և միջազգային համագործակցության բյուրոյի ղեկավար Դոմինիկ Կոպժևսկին:

Պատվիրակության այցի հիմնական նպատակն է երկու կառույցների՝ Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի և քարտեզագրության գերատեսչության և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև գործընկերության պայմանագրի ստորագրում:

Այսօր՝ հունիսի 16-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը ընդունեց Հայաստան ժամանած լեհական պատվիրակությանը: Կոմիտեի նախագահը իր խոսքում ողջունեց երկու կառույցների համագործակցության նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ներկայացված ծրագրին հավանություն տալու և ֆինանսավորելու համար: Պարոն Սարգսյանը հույս հայտնեց, որ «կողմերի միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ամուր հիմք կծառայեն ծրագրի բարեհաջող իրականացման համար»: Երկու կառույցների միջև փոխշահավետ համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական, կնպաստի հետագա փոխգործակցության զարգացմանը և ընդլայմանը:

«Վերջին տարիներին կադաստրի պետական կոմիտեի իրավասության ոլորտում իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ, որոնց արդյունքները մանրամասն կներկայացվի պատվիրակությանը «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և Երևանի տարածքային ստորաբաժանում այսօր ծրագրված աշխատանքային այցի ժամանակ»,-հավելեց կոմիտեի նախագահը:

Գործընկերության պայմանագիրը («Տեղագրական տվյալների բազաների արդիականացման և թարմացման համար առաջարկի և տեխնիկական ուղեցույցերի մշակում: Քարտեզագրական նյութերի, գեոդեզիական ցանցերի ստեղծում և գեոդեզիական մշակումների ստանդարտիզացիա») հայկական կողմից ստորագրեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը, իսկ Լեհաստանի Հանրապետության կողմից՝ Գլխավոր գեոդեզիստի տեղակալ Յասեկ Յարզաբեկը:

Այցի շրջանակներում լեհական պատվիրակությունը կայցելի ինչպես ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և «Երևան» տարածքային ստորաբաժանում, այնպես էլ հանդիպումներ կլինեն «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում:

Share