Բաժին. Պաշտոնական

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Սիրիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ Իսսամ Նայալին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ Իսսամ Նայալին:

Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Սիրիայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են  ջերմ և այդ ջերմությունը չի պակասել Սիրիայում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձություններից հետո:

Նշելով, որ Հայաստանի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունները, առևտրային առումով, այդքան էլ ծավալուն չեն, նախարարը շեշտել է, որ գործարարների միջև հարաբերությունները միշտ էլ կրել են կառուցողական և ապագային միտված բնույթ: Նա նաև նշել է, որ չպետք է կանգ առնել եղածի վրա, քանզի Սիրիայի հետ առևտրի ծավալները փոքր են, բայց համագործակցության հնարավոր ոլորտները  բավականին շատ:  

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մհդ Իսսամ Նայալն իր հերթին, շնորհակալություն  է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար, շնորհավորել Կ.Ճշմարիտյանին նախարար նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություն այդ պատասխանատու և կարևոր  կարևոր գործում:

Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայացրել է Սիրիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և վերջին զարգացումները` վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում իր երկիրը կհաղթահարի ճգնաժամը և երկրում կհաստատվի խաղաղություն և ներքաղաքական կայունություն:

Մհդ Իսսամ Նայալը նաև նշել է, որ Սիրիայի և Հայաստանի միջև կապերը շատ նշանակալի են իրենց համար, քաղաքական ոլորտում համագործակցություն կա և հարկավոր է անել հնարավորինս, որպեսզի տնտեսական հարաբերությունները ևս բարձրանան քաղաքական մակարդակին:

Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է առավել արդյունավետ օգտագործել համագործակցության առկա հնարավորությունները` հատկապես որ տնտեսական հարաբերությունները լավացնելու և ընդլայնելու ցանկություն և հնարավորություն կա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական տնտեսական համագործակցության և  տարածաշրջանային խնդիրներին վերաբերող  մի շարք այլ հարցեր:

Share