Բաժին. Պաշտոնական

Սեպտեմբերի 18-21 կկայանա Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում, վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարարը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:

Հրանուշ Հակոբյան – Նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին: Այս տարի 600 և ավելի սփյուռքի կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ղեկավարությունը և բոլոր համահայկական կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Կաթողիկե պատրիարքը և մյուս բոլոր առաջնորդները: Համաժողովը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կբացի հանրապետության վարչապետը: Տեղի կունենան երեք լիագումար և ըստ ուղղությունների չորս նիստեր: Օրակարգում կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, երկրորդը՝ սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, երրորդ հարցը կվերաբերի լեզվի պատշպանությանը և մամուլին, չորրորդ հարցը՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերի կատարելագործմանը: Այս համաժողովի շրջանակում նաև տեղի կունենա զանգվածային լրատվամիջոցների 7-րդ համաժողովը, որին մասնակցելու են 120 խմբագիր սփյուռքից և Հայաստանի մամուլի ներկայացուցիչները:

Նախապատրաստական բոլոր աշխատանքները համապատասխան գերատեսչությունների, նախարարությունների, կառույցների հետ մենք իրականացնում ենք: Ակնկալում ենք, որ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն համաժողովին և քննարկումներին»:

Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Share