Բաժին. Պաշտոնական

Սերգո Կարապետյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում առկա իրավիճակին, վերջին տարիներին ոլորտում գրանցված զարգացումներին:

Ողջունելով հյուրերին և գոհունակությամբ նշելով հիմնադրամի հետ Հայաստանի արդյունավետ աշխատանքը` նախարար Սերգո Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը: Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության ջանքերը հիմնականում ուղղված են բարձրացնելու պարենային ապահովությունը, ավելացնելու գյուղատնտեսական մթերքներով Հայաստանի ինքնաբավությունը, հողերի արդյունավետ օգտագործումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, տնտեսավարման նոր ձևերի ներդրումը և այլն:

«Ներկա պայմաններում զարգացած գյուղատնտեսություն ունենալը պետությունների կարևորագույն խնդիրներից է, և այս ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած նպատակային ծրագրերի արդյունքում հնարավոր է եղել վերջին տարիներին ապահովել տնտեսական աճի բարձր ցուցանիշներ», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս ենթատեքստում նախարարը հարկ է համարել տեղեկացնել, որ ներկայումս հանրապետությունում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում թե’ բուսաբուծության, թե’ անասնաբուծության ոլորտներում գյուղատնտեսական ապրանքների ծավալների, ինչպես նաև բերքատվության և մթերատվության բարձրացման ուղղությամբ, հիմնվում են խաղողի և պտղի նոր այգետարածքներ, հատուկ ուշադրություն է դարձվում տոհմային գործի բարելավմանը, կառուցվում են նոր ջերմոցային տնտեսություններ, սպանդանոցներ ու վերամշակող արդյունաբերական ձեռնարկություններ:

Հյուրի խնդրանքով նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պարագայում երկրի գյուղատնտեսության վրա ակնկալվող ազդեցություններին և նշել, որ միանալով այդ կառույցին ի հայտ կգան գյուղատնտեսական և պարենային ապրանքների իրացման նոր շուկաներ: Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետայսու ևս շարունակելու է սերտ համագործակցությունը Եվրոպական Միության երկրների և ԱՄՆ-ի հետ:

Իր հերթին պարոն Հորթոնը կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են, առկա են գյուղատնտեսության զարգացման լուրջ հեռանկարներ:

Share