Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանն այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց գրասենյակ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Հոկտեմբերի 20-ից գործող այս գրասենյակն ստեղծվել է կոմիտեի «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորմամբ: 

Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները, կարևորել էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Վերջին հարցումների արդյունքում քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է:

Բարեփոխումները պետք է շարունակվեն, և կառավարությունը հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքը լինի թափանցիկ, և քաղաքացի-աշխատակից շփումը նվազեցվի: Բոլոր գործարքները, որ իրականացնում է քաղաքացին, պետք է լինեն հեշտ ու մատչելի», – նշել է վարչապետը: Որպես հետագա քայլեր՝ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել էլեկտրոնային համակարգի շարունակական ներդրումը և «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքի կազմակերպումը:

Share