Բաժին. Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային:
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման համատեղ ծրագրերի իրականացումը և շարունակականությունը:

ԱԶԲ փոխնախագահն արդյունավետ է գնահատել 2005 թվականից ի վեր ծավալված գործակցությունը՝ նշելով, որ այժմ բանկն աշխատում է առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարության» վրա: Պարոն Ժանգը ողջունել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և բարձր գնահատել, հատկապես, բիզնես միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքից, քննարկել նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն առնչվող մանրամասներ և կարևորել շինարարական աշխատանքների ժամանակին ու որակյալ կատարումը:

Այնուհետև ՀՀ վարչապետը և ԱԶԲ փոխնախագահն անդրադարձել են համագործակցության ընդլայնման ուղղություններին: Հովիկ Աբրահամյանը, ի թիվս մի շարք այլ ծրագրերի, առաջնային է համարել առաջիկա հինգ տարվա «Հայաստանի գործընկերության ռազմավարությունում» գյուղական համայնքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր և միջին, ինչպես նաև կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի ներառումը: Երկուստեք կարևորվել է նաև տարածաշրջանային գործակցության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Վենկայ Ժանգն ԱԶԲ անունից պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աջակցությունն ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող ոլորտներին՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում, գիտելիքահեն տնտեսության զարգացում, տեխնիկական օժանդակություն տրամադրում կարողությունների զարգացման նպատակով և այլն:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է խորացնել բանկի հետ հաջող համագործակցությունը և ուշադրության կենտրոնում է պահելու համատեղ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

Share