Բաժին. Պաշտոնական

Ծաղկաձորում մեկնարկել է «Անտառների կայուն կառավարումը Հայաստանում» աշխատաժողովը

Ծաղկաձորում մեկնարկել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անտառների կայուն կառավարումը Հայաստանում» աշխատաժողովը:  

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում Կենսաբազ­մազանության կայուն կառավարում» ծրագրի ղեկավար Թոմաս Էբերհեռը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Աշխատաժողովի նպատակն է համատեղ քննարկել անտառային ոլորտում տիրող իրավիճակը, առկա խնդիրները, գնահատել դրանց լուծման ուղիները և հեռանկարային զարգացման ուղղությունները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա մասնավորապես նշեց, որ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և ընդհանրապես կայուն կառավարման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարար Սերգո Կարապետյանը մեծապես կարևորեց այս ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությունը, որի ընթացքում մի շարք կարևորագույն ձեռքբերումներ են արձանագրվել: Գործարկվել է անտառային պետական մոնիտորինգի հզորացման ծրագիրը, դաշտային ուսումնասիրությունների համար ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ, անտառային տնտեսությունները հագեցվել են որոշակի տեխնիկական կարողություններով և այլն:  

«Ներկայումս ներդրվում է անտառկառավարման ազգային տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա անտառների կառավարմամբ և պահպանությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ստանալ ճշգրիտ և թարմ տեղեկություն: Հաջորդ քայլը կլինի տեղեկատվական համակարգը գործնական հարթությունում ամրագրելը, ինչպես նաև տեղեկություններն առավել լայն շրջանակներին հասանելի դարձնելը», – հավելեց Սերգո Կարապետյանը:  

Իր խոսքում նախարարն անդրադարձավ նաև ոլորտում առկա թերացումներին` մասնավորապես առանձնացնելով ապօրինի ծառահատումների դեպքերը, բնափայտի մթերման աշխատանքների կազմակերպման աշխատանքներում առկա խնդիրները, անտառապատման և անտառվերականգնման ծավալների ավելացման հարցը` նախանշելով դրանց լուծման ուղիներն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:  

Միջոցառման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սերտ համագործակցության համար հուշանվերներով պարգևատրեց «Հայանտառ», «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Share