Բաժին. Պաշտոնական

Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունն անհիմն թանկացում չի հանդուրժելու»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը հակիրճ անդրադարձել է ֆինանսական շուկայի իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների և տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ՏՄՊՊ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ տեղեկություն ներկայացնի ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»:

Վարչապետը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը, որին հետևելու հանձնարարական են ստացել նաև պատկան մարմինները՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ոլորտում: 

Share