Բաժին. Պաշտոնական

Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ Գևորգ Կոստանյանի հետ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հունվարի 22-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով:

ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանելու համար խորհրդարան էր հրավիրվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Իր խոսքում նա նշել է, որ ողջ հայությանը ցնցած ողբերգությունը չէր կարող որևէ մեկին զերծ պահել զգացմունքային դրսևորումներից: Սակայն, անկախ այդ ամենից, ինքը չի կարող պաշտոնական լիազորություններն իրականացնել՝ ելնելով զգացմունքներից: ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` ինքը պարտավոր է գործողությունները կազմակերպել ՀՀ օրենսդրությանը և միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան: Գևորգ Կոստանյանի խոսքով` հարցը նաև քաղաքական և հասարակական շահարկումների տեղիք է տվել, սակայն պետք է լուծվի իրավական ընթացակարգով: 

Պատասխանելով պատգամավորների հարցերին` պարոն Կոստանյանը նշել է, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են կասկածյալ Վալերի Պերմյակովի կողմից զորամասը լքելուն, տուժողների բնակարան մուտք գործելուն, հանցագործության կատարման ժամին և տեղին, ինչպես նաև անձի հայտնաբերմանը, դեռևս քննարկվում են, եւ պատասխանները կկցվեն քրեական գործին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ` կապված հանցագործին հայտնաբերելու հետ, սակայն այս հարցերը քննության փուլում են և դեռևս ստուգման կարիք ունեն, հետևաբար հրապարակման ենթակա չեն:

Գլխավոր դատախազի խոսքով` պարզվում է նաև, թե նախկինում ինչ կապ է եղել զոհ դարձած ընտանիքի և ռուս զինվորի միջև, կամ այն եղել է թե՞ ոչ: Հանցագործության բացահայտման համար տարվող օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազը բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր դատախազին, ինչպես նաև ներկայացվել են բազմաթիվ միջնորդություններ ՀՀ դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Նա նշել է, որ ողջ իրավական համակարգն իր լիազորությունների իրականացման սահմաններում համագործակցում է:

Գևորգ Կոստանյանը նշել է, որ չի կարող հրապարակել նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունները և բարձրաձայնել քննչական գործողությունների պլանավորումն ու ընթացքը, քանի որ այն կվնասի գործի քննության օբյեկտիվ ընթացքին:

Share