Բաժին. Պաշտոնական

ՀՀ կառավարությունում կանոնակարգվում են պետգնման համակարգի խնդիրները

Այսօր տեղի է ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում և ուժը կորցրած ճանաչելով ևս մեկը, գործադիրը կանոնակարգել է պետական գնումների համակարգում արձանագրված մի շարք խնդիրներ: Մասնավորապես, սահմանվել են հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում մասնակիցների որոշման հետ կապված հարաբերությունները, նախատեսելով, որ հրավերը միաժամանակ ուղարկվում է առնվազն երեք մասնակցի և զուգահեռաբար հրապարակվում www.gnumner.am կայքում, մինչև 20 մլն դրամ գին ունեցող գնումները հնարավորինս կարճ ժամկետում մրցակցային սկզբունքով կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, սահմանափակվել է պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում վերջինիս նկատմամբ առանց որևէ պատասխանատվություն կիրառելու հանգամանքի պայմանագիրը դադարեցնելու պատվիրատուի հնարավորությունը և այլն:

Սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և չավարտած գնման գործարքների վրա: Վարչապետի դիտարկմամբ, որոշումը շոշափում է ներկրողների և արտադրողների հարաբերությունները: Փաստաթղթի մշակման գործում մեծ աշխատանք են կատարել ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կառավարության աշխատակազմը: Սակայն կան դեպքեր, երբ գնման մրցույթի հայտ են ներկայացնում մարդիկ, ովքեր ոչ ներկրում ունեն տվյալ ապրանքից, ոչ էլ արտադրություն: Նրանք երրորդ, չորրորդ մարդկանցից գնում են ապրանքը երկու-երեք անգամ թանկ և մասնակցում մրցույթին: «Դա հարկավոր է սահմանափակել, – ասել է վարչապետը: – Եթե մարդն այդ ապրանքից ոչ ներկրում է և ոչ էլ արտադրում, ի՞նչ իրավունք ունի մրցույթին մասնակցել»:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ գործընթացը և առաջարկել շահագրգիռ նախարարություններին վերստին քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում այն կարգավորել կառավարության որոշմամբ: «Սա պետք է լինի ամենաթափանցիկ և արդար գործընթացը, քանի որ դրանից մեծ դժգոհություն կա», – հավելել է կառավարության ղեկավարը: ՀՀ վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է ուժեղացնել բնակչության իրազեկման աշխատանքը, քանի որ հաճախ գործն արվում է, սակայն հանրությունն անտեղյակ է:

Share