Բաժին. Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովը քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը

Երեկ կայացած ԱԺ նիստում պատգամավորները շարունակել են քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավորներին կոչ է արել միասին աշխատել և հաշվի առնելով ներկայացված առաջարկները՝ բարելավել օրինագիծը:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ լայնածավալ քննարկումների ընթացքում հնչած բազմաբնույթ առաջարկները մեկ անգամ ևս հաստատում են նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռի մինչև հուլիսի 1-ը խորհրդարանական ուժերի հետ համատեղ քննարկումների արդյունքում գտնել խնդրի կարգավորման արդյունավետ լուծում:

75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այնուհետև պատգամավորներն անդրադարձել են ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԱԺ խմբակցությունները քննարկումների արդյունքում եկել են որոշակի համաձայնությունների, ըստ որի՝ հանձնաժողովը կազմված կլինի 12 անդամից՝ ՀՀԿ-ից՝ 6, ԲՀԿ-ից՝ 2, իսկ մյուս խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ: Առաջարկն ընդունվել:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Նա նշել է, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են պալատի 31 ընթացիկ հաշվետվություններում: Վերահսկողության ընթացքում ստուգումներ են իրականացվել 53 կառույցներում: ՎՊ-ի կողմից մշակվել և համապատասխան մարմիններ է ներկայացվել մոտ 57 առաջարկ: Ըստ Սեյրան Ավագյանի՝ առաջին անգամ պալատի տարեկան հաշվետվության ներկայացման ընթացակարգում կիրառվել է նոր մոտեցում: Պալատի 2013 թ.-ին իրականացված վերահսկողության արդյուքները մինչև օրենքով սահմանված կարգով ԱԺ-ին ներկայացնելը՝ 2014 թ.-ի հունվար, փետրվար ամիսներին նախկին կառավարությունում նախարարների և այլ կառույցների ղեկավարների հետ այն մանրամասն քննարկվել է: Զեկուցողը նշել է, որ տեղի ունեցած քննարկումների ընթացքում ներկայացվել են պալատի կողմից արձանագրված փաստերը: Մինչև ՀՀ ԱԺ լիագումար նիստում տարեկան հաշվետվության քննարկումը ԱԺ նախագահի և ՎՊ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պալատի տարեկան հաշվետվությունը ներկայացվել և քննարկվել է ոչ միայն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, այլ նաև այն ոլորտ առ ոլորտ քննարկվել է ԱԺ հանձնաժողովներում: Սեյրան Ավագյանը տեղեկացրել է, որ 2013 թ.-ի տարեկան և ընթացիկ հաշվետվություններում նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որը 2014 թ.-ի հունիսի 23-ին ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ պատգամավորները անհրաժեշտ են համարել հանձնաժողովում քննարկել նաև ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունները:

Արտահերթ ելույթով հանդես են եկել ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Արմեն Աշոտյանը խոսել է պալատի հետ համագործակցության արդյունքներից՝ դրական գնահատելով կառույցի մասնագետների և ղեկավարության հետ աշխատանքը: Նա մասնավորապես անդրադարձել է մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իականացնող հաստատություններում հայտնաբերված համակարգային բնույթի խնդիրներին: Ըստ նախարարի՝ հայտնաբերված որոշ խնդիրներ էլ կապված են եղել իրավական դաշտի անկատարության հետ: Արտեմ Ասատրյանն անդրադաձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության և ՎՊ-ի միջև ձևավորված համագործակցությանը: Նախարարը նշված ոլորտում կարևորել է ծախսերի արդյունավետության բարձրացման և ծրագրերի հասցեականության մեծացման աշխատանքները:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը խոսել է ՎՊ-ի հետ համագործակցությունից, կարևոր համարել հանձնաժողովում ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունների քննարկումը: Նա նաև անդրադարձել է ծրագրային բյուջետավորման գործընթացին:

Քննարկվող հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ռուբիկ Հակոբյանը: Խմբակցության ղեկավարը կարևորել է հաշվետվության վերաբերյալ բովանդակային քննարկումների անցկացումը:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադարձել է հաշվետվության մեջ նշված բացահայտումներին:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա խոսել է հաշվետվությունում ներկայացված չարաշահումների փաստերից և մի շարք բացահայտումներից:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս, ինչպես իր գործընկերներից շատերը, նշել է, որ նման կարևորություն ունեցող փաստաթուղթը պետք է ներկայացներ ՎՊ նախագահը:

Եզրափակիչ ելույթում Սեյրան Ավագյանը պարզաբանումներ է տվել ելույթներում հնչած տեսակետների վերաբերյալ: Նա, մասնավորապես անդրադառնալով իր կողմից հաշվետվության ներկայացմանը, նշել է, որ ՎՊ-ը կոլեգիալ կառավարման մարմին է և այդ մարմնի կայացրած որոշմամբ է ինքը ներկայացնում պալատի հաշվետվությունը: Ըստ Սեյրան Ավագյանի՝ խորհրդի յուրաքանչյուր անդամ տիրապետում է և կարող է ներկայացնել ցանկացած հարց: Նա անդրադարձել է նաև հաշվետվության առանձնահատկություններին:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրինագծերը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Share