Բաժին. Պաշտոնական

Որոշ ապրանքատեսակներ կազատվեն մաքսատուրքերից

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրի և հայտի ձևերը, սահմանել որոշ ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրերի տրամադրման առանձնահատկությունները, ինչպես նաև փոփոխություն կատարել կառավարության մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հաստատված՝ երրորդ երկրների հետ առևտրում ԵՏՄ անդամ երկրների կողմից կիրառվող արգելքի ու սահմանափակման ենթակա ապրանքների միասնական ցանկի և այդ ցանկում ընդգրկված ապրանքների ԵՏՄ մաքսային տարածքից արտահանման և մաքսային տարածք ներմուծման արտոնագրման ընթացակարգերին: Որոշումը կապահովի ԵՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը:

Կառավարությունը հաստատել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950թ. նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը:

ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումն իրականացնող լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը: Որոշումը բխում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցից»: Որոշման նպատակը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և հետագայում դրա վարման աշխատանքների իրականացումն է:

Share