Բաժին. Պաշտոնական

ՀՀ Կառավարությունում հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540-րդ բանաձևի իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը: Այն ուղղված է միջազգային հարաբերություններում զանգվածային ոչնչացման զենքերի և դրանց փոխանցման միջոցների տարածման դեմ պայքարի օրակարգային խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացումն զգալիորեն կխթանի այդ ոլորտում միջգերատեսչական փոխգործակցությունը և առավել արդյունավետ կդարձնի ՀՀ միջազգային հանձնառությունների կատարմանն ուղղված քայլերն ու համագործակցությունը: 

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են աշխարհում էբոլա վիրուսի հարուցած հիվանդության լարված իրավիճակով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններով: Որոշման նպատակը Հայաստանի Հանրապետություն էբոլայի և մի շարք այլ վարակիչ հիվանդությունների մուտքը կանխելն է:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. նպատակը Նիդերլանդներից վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրման նպատակով աջակցություն ցուցաբերելն է: Երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև կնքված համաձայնագրով ՀՀ ՏԿ և ԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի ամեն մի քաղաքացու տրամադրելու է առավելագույնը 1000 (մեկ հազար) եվրոյի աջակցություն՝ փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու, ուսումնական և մասնագիտական վերապատրաստման կամ այլ կարիքների համար:

Share