Բաժին. Պաշտոնական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում և սաստիկ բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն:

Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է:

Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):

Բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել են Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից):

Այս պահին ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար:

Share