Բաժին. Պաշտոնական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Լաուրա Հակոբյանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի և գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելուն: ԱԺ փոխնախագահը նշել է, որ կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր խնդիր մշտապես գտնվում է խորհրդարանի, մասնավորապես կին պատգամավորների ուշադրության կենտրոնում և բոլոր կառուցողական առաջարկներն օրենսդրական դաշտում քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Ճյուղային արհմիության գործկոմի անդամները կարևորել են կոլեկտիվ պայմանագրի ստեղծումը, որը կսահմանի օրենքի դրույթները, ինչպես նաև՝ լրացուցիչ արտոնություններ բանկային համակարգում աշխատող կանանց համար: Տիկին Նաղդալյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել կոլեկտիվ պայմանագրի ստեղծման խնդիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բանկային համակարգում աշխատող կանանց իրավունքների պաշտպանությանը, աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները:

Share