Բաժին. Պաշտոնական

Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջպետական հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հայ-վրացական հարաբերությունները կառուցված են հսկայական ժառանգության վրա և ուրախալի է, որ այդ ժառանգությունը մշտապես համալրվում է: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս կշարունակվեն երկու երկրների միջև արդյունավետ շփումները, կգտնվեն նոր ուղիներ բազմաբնույթ հարաբերությունների սերտացման համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ թեև միջազգային մի շարք հարցերում երկու երկրներն ունեն որոշ առումներով տարբերվող մոտեցումներ, սակայն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով Հայաստանը և Վրաստանը պարտավոր են հանդես գալ միասնաբար՝ փորձելով համատեղ ջանքերով դիմագրավել ընդհանուր մարտահրավերները: Այս առումով Գալուստ Սահակյանն անհրաժեշտ է համարել առավել խորացնել համագործակցությունը հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ մարտի 16-ից 18-ը Երևանում անցկացվելու է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը և նշել, որ ակնկալում է վրացի գործընկներների ակտիվ մասնակցությունը նիստին:

Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից՝ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ այն Հայաստանի համար առևտրատնտեսական նոր հնարավորություններ է բացում դեպի մեծ շուկա: «Այսօր Հայաստանի և Վրաստանի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն: Մենք ունենք աննախադեպ պայմաններ` եվրասիական և եվրոպական առևտրային հնարավորություններից միաժամանակ օգտվելու համար: Մեր երկրների քաղաքական որոշումների և աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ երկու երկրների արտադրողների համար ստեղծվել է հնարավորություն` ունենալ արտադրություն բարեկամ երկրում և միաժամանակ ներկայացված լինել եվրոպական կամ եվրասիական շուկաներում»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին որևէ կերպ չի կարող խոչընդոտել հարևան բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ արդեն 20 տարուց ավելի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով: Ըստ ԱԺ նախագահի՝ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատական չի տրվում: 2015 թվականը դեռ նոր է սկսվել, սակայն Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդրությունները` մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը և ձեռնարկելով դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ուղեկցվում են մարդկային զոհերով:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ՝ Գալուստ Սահակյանն այն համարել է մարդկության դեմ գործված հանցագործություն, որն, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին վրացի գործընկերները կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կայանալիք միջոցառումներին:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա նշել է, որ Հայաստանի և Վրաստանի ընտրած ինտեգրման տարբեր ուղիները չպետք է խոչընդոտեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ընդհակառակը, երկու պետությունները պետք է կարողանան դա օգտագործել ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Պարոն Ուսուպաշվիլին կարևորել է տարածաշրջանում բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ խաղաղության պետք է հասնել ոչ թե պատերազմի միջոցով, այլ բանակցությունների ճանապարհով: Նա պատրաստակամություն է հայտնել միջազգային խորհրդարանական հարթակներում խորացնելու համագործակցությունը: Նա նաև անդրադարձել է վիրահայերի խնդիրներին:

Վրաստանի խորհրդարանի նախագահը իր ցավակցությունն է հայտնել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Դավիթ Ուսուպաշվիլին վստահեցրել է, որ այդ օրերին Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը կգտնվի հայ ժողովրդի կողքին: 

Հանդիպման ավարտին Դավիթ Ուսուպաշվիլին գրառում է կատարել ԱԺ Պատվավոր հյուրերի գրքում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդիպման արդյունքների վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ Դավիթ Ուսուպաշվիլին շրջել է ԱԺ նիստերի դահլիճում, որից հետո էլ խորհրդարանի բակում տեղի է ունեցել ծառատունկի արարողություն: Տնկվող եղևնին խորհրդանշում է երկու երկրների միջխորհրդարանական բարեկամությունը:

Share