Բաժին. Պաշտոնական

Սերգո Կարապետյանն Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ուրուգվայի «Նիրեա» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Գաստոն Սկայոլան:  

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա է համագործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել զգալի հաջողությունների: Միաժամանակ նախարարը հույս է հայտնել, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա առկա բացը լրացնելու և հայաստանյան ընկերությունների հետ նոր կապեր հաստատելու համար:    

«Ուրուգվայը գյուղատնտեսության ոլորտում ունի հարուստ փորձ, որը կարող է փոխանցել հայկական կողմին, ուստի մենք շահագրգռված ենք զարգացնել տնտեսական հարաբերություններ ձեր երկրի հետ», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:  

Որպես համագործակցության հնարավոր տարբերակ` նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համատեղ արտադրության կազմակերպման և տեղական ընկերություններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերը:  

Ընկերության փոխնախագահ Գաստոն Սկայոլան իր հերթին տեղեկացրել է, որ 1962 թվականին հիմնադրված «Նիրեա» ընկերությունն այսօր Ուրուգվայում մսամթերքի արտադրության և արտահանման խոշորագույն ընկերությունների շարքում է, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալներով այն երկրի առաջատարն է: Նա նաև ընդգծել է, որ ընկերությունում բուծվող կենդանիները գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող կերային մշակաբույսերով չեն կերակրվում:  

Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների արտադրողները կկարողանան փոխգործակցության շահավետ եզրեր գտնել` նպաստելով Հայաստանի և Ուրուգվայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության աշխուժացմանը:   Այնուհետև պատվիրակության անդամները հանդիպել են տեղական մսամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` համագործակցության կոնկրետ հնարավորությունները քննարկելու նպատակով: Պատվիրակության անդամներն այնուհետև կայցելեն «Նաթֆուդ» և «Բեկոն» ընկերություններ:

Share