Բաժին. Պաշտոնական

Քաղաքապետարանոում կայացել է հանդիպում ԱՄԷ շախմատի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակության հետ: 

Հյուրերին ներկայացնելով Երևանում շախմատի զարգացմանն ու տարածմանն ուղղված ծրագրերը և որդեգրած քաղաքականությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին մայրաքաղաքում նպատակային լուրջ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ:

«Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին մենք նախաձեռնել ենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչը հաջողությամբ կյանքի է կոչվում: Այսօր արդեն Երևանի 9 վարչական շրջաններում ունենք գործող շախմատի դպրոցներ, որտեղ անվճար հաճախում են շուրջ 4000 երեխաներ: Սա մարզաձևի զարգացմանն ուղղված իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում և վստահ եմ, որ այս մարզական օջախներում սովորող երեխաները ևս շարունակելու են բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը: Մեր որդեգրած այս քաղաքականության նպատակը բոլոր 12 վարչական շրջաններում առնվազն մեկ շախմատի դպրոց ունենալն է, որն այս տարի թերևս ամբողջությամբ ավարտին կհասցնենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Ալ Մեիբալը նկատել է, որ Հայաստանն իսկապես շախմատային հզոր երկիր է, և ընդգծել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում մարզաձևի զարգացմանն օժանդակելու համար ակնկալվում է հայաստանյան գործընկերների աջակցությունը:

«Իսկապես հաճելի է արձանագրել շախմատի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ այն հատուկ վերաբերմունքը, որ ցուցաբերվում է Հայաստանում: Ըստ այդմ, մենք ակնկալում ենք Հայաստանի աջակցությունն այս հարցում՝ տեղի հաջողված փորձը Էմիրություններում կիրառելու համար»,- նշել է ԱՄԷ շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Հաշվի առնելով, որ Սայիդ Ալ Մեիբալը նաև գործարար է, հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն հաստատելու, ինչպես նաև համատեղ ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու վերաբերյալ:

Share