Բաժին. Պաշտոնական

Օձունում նոր սպանդանոց կգործարկվի

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր` անասնաբուժության ոլորտի խնդիրները տեղի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:  

Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը, ինչպես նաև գյուղապետեր, անասնաբույժներ և տեսուչներ:  

Անդրադառնալով մարզում անասնաբուժության ընդհանուր իրավիճակին և առկա թերություններին ու բացթողումներին` փոխնախարարը հատկապես կարևորել է անասնաբույժների պարտականությունների լիարժեք կատարումը` հորդորելով ժամանակին և պատշաճ որակով իրականացնել կենդանիների պատվաստումները: Նա նաև հավելել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում Լոռու մարզին 2015 թվականին հատկացվել են շուրջ 35 մլն դրամ ախտորոշիչ, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ անասնաբուժական միջոցառումներ իրականացնելու համար:  

Հանդիպումից հետո Գրիշա Բաղիյանն այցելել է նաև մարզի Օձուն համայնքում գտնվող նորակառույց սպանդանոց, որը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ մեր երկրում կառուցված թվով հինգ սպանդանոցներից մեկն է: Սպանդանոցի տնօրեն Խասիկ Տիտանյանի հետ քննարկվել են առաջիկա օրերին սպանդանոցի գործարկմանն առնչվող հարցեր:    

Գրիշա Բաղիյանը հույս է հայտնել, որ նմանատիպ սպանդանոցների շահագործումը կնպաստի բակային մորթի աստիճանական սահմանափակմանը` դրականորեն անդրադառնալով կենդանիների հիվանդությունների կանխարգելման վրա:  

Այնուհետև Գրիշա Բաղիյանն այցելել է մարզի տարբեր համայնքներում տեղակայված կաթի ընդունման (մթերման) կետեր, որտեղ ծանոթացել է գյուղացիական տնտեսություններից կաթի մթերման գործընթացին, դրանցում տեղ գտած խնդիրներին և առկա խոչընդոտներին: Փոխնախարարը հատկապես կարևորել է կաթի մթերման գործընթացում փոխշահավետ գների ձևավորման և մթերման գների կտրուկ տատանումները բացառելու հարցերը:

Share