Բաժին. Պաշտոնական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երևանի պետական համալսարանի և Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների և փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետների՝ խորհրդարանում պրակտիկա անցնող ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափում: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ և անկաշկանդ մթնոլորտում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ներքաղաքական իրավիճակին և տեղի ունեցած գործընթացներին, սահմանադրական բարեփոխումներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, ընտրական գործընթացներին, հարկային վարչարարությանն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և 100-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին և այլն:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ միջոցառումներ են կազմակերպվելու և Հայաստանում, և այլ երկրներում: Մասնավորապես՝ առաջիկա ամիսներին մի շարք երկրների խորհրդարաններում՝ Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Կիպրոս և Հունաստան, տեղի են ունենալու լուսանկարների ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը տեղեկացել է, որ 2015 թվականին սկսվում է ցեղասպանությունների ճանաչման նոր փուլ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու է մնալ մեր երկրի կարևորագույն հարցերից մեկը: Շարունակվելու է նաև պայքարը ժխտողականության դեմ:

Share