Բաժին. Պաշտոնական

ՀՀ ԱԺ. Պաշտոնաթող Նախագահների համար կսահմանվի հատուկ կենսաթոշակ

Երեկ՝ մարտի 3-ին կայացել է ԱԺ նիստ: Պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող Նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող Նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հիմնական և հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ երկրի պատմությունը կերտում են այդ անհատները՝ երկրի նախագահները, հետևաբար վերաբերմունքը նրանց հանդեպ պետք է այդ համատեքստում լինի: Պարոն Հարությունյանը նշել է, որ իր համար անհասկանալի է «կորած եկամուտների փոխհատուցում» թեզը: Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ քաղաքական նշանակություն ունեցող օրենքի նախագիծ է, որով իշխող ուժը հայտարարում է, որ առաջին և երկրորդ նախագահները պահանջված են հասարակական և քաղաքական կյանքում: Սամվել Ֆարմանյանը մի շարք կառուցողական առաջարկներ է ներկայացրել: Նա ևս անդրադարձել է պետականության կերտման հարցում երկրի նախագահների դերին ու նշանակությանը և այս համատեքստում է անդրադարձել օրենսդրական առաջարկին: Զարուհի Փոստանջյանը դրական չի գնահատել առաջարկվող փոփոխությունները և անդրադարձել է օրինագծի հիմնադրույթներին: Արծվիկ Մինասյանը խոսել է ՀՀ Նախագահի ինստիտուտի և դրա արժևորման մասին: Նրա գնահատմամբ՝ պետք է խոսել ոչ թե օրենքով նախատեսված կարգավիճակ շնորհելու, այլ թոշակ ստանալու իրավունք տալու մասին, ինչն առաջարկում է գործող օրենքը:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև ընդունելու համար: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այս բանաձևում հստակ ամրագրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգին, հստակ նշված են «ցեղասպանություն» և «հայրենազրկում» եզրույթները, կոչ է արվում թե Թուրքիային, թե եվրոպական ու միջազգային կառույցներին դատապարտելու Հայոց ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ սա շատ կարևոր, աննախադեպ պատմական փաստաթուղթ է: Պարոն Շարմազանովը փաստաթղթի ընդունման հարցում կարևորել է Հայաստանի Հանրապետական, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների համատեղ աշխատանքը:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը, անդրադառնալով հարցի վերաբերյալ գործընկերների ելույթներին, նշել է, որ դրանք հաճախ անհատականացվել են, եղել են առաջարկություններ, որոնց հիման վրա կարելի է որոշակի փոփոխություններ կատարել: ԱԺ նախագահը ճիշտ չի համարել խորհրդարանում անձնական ամբիցիաների և սեփական փիլիսոփայության ներկայացումը հանրությանը: Ըստ ԱԺ նախագահի՝ օրենսդրական փաթեթը վերաբերում է ոչ թե անձին, այլ նախագահի ինստիտուտին: Նրա համոզմամբ՝ խնդիրը պետք է դիտարկել պետական ինստիտուտները հարգելու համատեքստում: ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել օրենսդրական փաթեթի ընդունումը:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին ու մտահոգություններին:

Share