Բաժին. Պաշտոնական

Ազգային ժողովն ընդունեց արտահանողներին աջակցող օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որն ընդունվեց ձայների 68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Օրինագծին դեմ են քվեարկել ոչ իշխանական կուսակցություններից Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» և «Օրինաց երկրի»  ներկայացուցիչները: ՀՅԴ-ն նշել է, որ լրացուցիչ քննարկումների կարիք կա, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել:

Ավելի վաղ ընդդիմությունը խիստ քննադատել էր այս օրինագիծը` նշելով, որ խոշոր արտահանողները կփակեն ոչ մեծ արտահանողների թթվածինը:

Նկատենք, որ այս փոփոխությունները, ի տարբերություն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի, քվեարկության դրվեցին առանց քննարկման: Կարծիքների փոխանակությունը տեղի ունեցավ միայն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

Այս օրինագծով կառավարությունն առաջարկում է խոշոր արտահանողների համար շահութահարկի գործող 20% տոկոսադրույքը նվազեցնել մինչև 2%: Խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք կարող  են արտահանման լրացուցիչ ծավալներ ապահովել: Այդ միջոցառումը կտարածվի այն ընկերությունների վրա, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Մասնավորապես` Հայաստանի ռեզիդենտը պետք է ունենա արտադրանքի և ծառայությունների արտահանման ծրագիր, որի արժեքը պետք է կազմի առնվազն 50 մլրդ դրամ:  Այդ միջոցները պետք է ֆիքսված լինեն Հայաստանի առևտրային բանկերից մեկում: Ընդ որում, թույլատրվում է արտահանում իրականացնել նաև 40 մլրդ դրամ  ծավալի դեպքում, սակայն այս պարագայում հարկի տոկոսադրույքը կկազմի 5%:

Դրանից զատ, արտահանողները կունենան արտոնություններ` պայմանով, որ շահույթ ստանան հանրապետության ոչ բուն տարածքում: Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր նման ծրագրի վերաբերյալ առանձին որոշում կկայացնի: Արտոնություններին չեն կարող հավակնել լեռնահանքարդյունաբերությամբ զբաղվող ըկերությունները, ակցիզավորման ենթակա ապրանքների, ոսկյա զարդերի և թակարժեք մետաղների ու քարերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք աշխատում են ոչ միայն արտաքին, այլև ներքին շուկայում:

Ընդ որում` չի բացառվում մի քանի ընկերությունների միավորումը` շահութահարկի տոկոսադրույքի նվազեցման նպատակով: Եթե օրինագծի նախորդ տարբերակում հարկային արտոնության կարող էր հավակնել միայն մեկ արտահանող, այժմ թույլատրվում է ընկերություններին միավորվել խմբի մեջ` այդ արտոնությունից օգտվելու նպատակով: Օրինագծում, սակայն, չի նշվում, թե որ դեպքում ընկերությունները կարող են համարվել խումբ:

Վերը նշված 40-50 մլրդ դրամը հաշվարկելիս հաշվի կառնվեն նաև ծառայությունները: Կառավարությունը նաև կսահմանի ներմուծվող ապրանքների եռամյա նվազագույն շեմ, որն աստիճանաբար կբարձրանա:

Share