Բաժին. Պաշտոնական

Այսուհետ Հայաստանում գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» անցած տարեվերջին ընդունված օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հոկտեմբերի 1-ին: Օրենքի համաձայն գործելու է միասնական էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրանցվելու են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները, այդ թվում՝ գրավը: Ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ: 

ՀՀ կառավարությունն ընդունել է «Մեկ խմբաքանակում գտնվող ապրանքները ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ մաքսատուրքի առավելագույն դրույքաչափ ունեցող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասելու դեպքերը, հայտարարագրվող ապրանքների տեսակները և բնաիրային չափերը հաստատելու մասին» որոշումը, որով ստեղծվում է մանր փոխադրումներով տեղափոխվող ապրանքների պարզեցված հայտարարագրման ընթացակարգ:

Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն, հաստատել դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:

Կառավարությունը հաստատել է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի համապատասխան փաստաթղթերին: Հաշվի են առնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության առաջարկությունները:

Share