Բաժին. Պաշտոնական

ՀՀ Կառավարություն. Կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը (ՕԿԱԿ) ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ ուսումնասիրել է տարբեր ոլորտները կարգավորող իրավական ակտերը: Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով սահմանված 1997թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգն այլևս չի գործում: Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նշված որոշումը: ՕԿԱԿ-ի պատրաստած որոշման նախագծերը բավական շատ են և ընդգրկում են տնտեսական գործունեության տարբեր ոլորտներ:

Դրանք միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստերի օրակարգ մտցնել այդ նախագծերը և համապատասխան լուծում տալ դրանց:

Share