Բաժին. Պաշտոնական

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին: ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արևելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:

Նույն օրը ԱԺ փոխնախագահը Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին, որին հրավիրված էին նաև Էստոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Լայնե Ռանդյարվը, Էստոնիայի բնապահպանության նախարար Մատի Ռայդման:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է նաև Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի:

Share