Բաժին. Պաշտոնական

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել են CARMAC 2 ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևը և այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Բարձր գնահատելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակում հանրապետությունում արձանագրված արդյունքները` նախարարը համոզմունք է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլը ևս արդյունավետ կլինի: 

«Ծրագրի երկրորդ փուլի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել մասնավորապես կաթի, մսի, պտուղ-բանջարեղենի արտադրության ոլորտներում իրացվող և արտահանվող արտադրանքի ծավալային աճ», – նշել է իր խոսքում նախարարը:

Սերգո Կարապետյանի խոսքով` CARMAC 2 ծրագրի թիրախային հիմնական նպատակներն են ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճը, գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացումը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման և վերամշակման համար կայուն հարթակի ստեղծումը: 

Իր հերթին կարևորելով CARMAC 1 ծրագրի դրական արդյունքները` Արուսյակ Ալավերդյանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել բանկի համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարության կառավարման ոլորտում գործող կառույցների` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: 

CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևն ընդգծել է, որ CARMAC 1 ծրագրի իրականացման հաջող փորձը օգտակար և ուսուցողական կլինի միջազգային այլ կառույցների համար:

Share