Բաժին. Պաշտոնական

ՀՀ Կառավարություն. Վերացվում են օրենսդրական կիրառություն չունեցող դրույթները

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում իրավական դաշտից կհանվեն չգործող նորմերը:

Նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը, հատուցել նաև արտարժութային ավանդն այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և ՛ դրամային, և՛ արտարժութային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4 մլն դրամից ավելի է՝ 8 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Կողմ լինելով բանկային ավանդների հատուցման չափերի ավելացմանը, կառավարությունն անում է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը:

Գործադիրը քննության է առել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում համապատասխան գործունեություն իրականացնելու տարիները հաշվառել որպես ստաժ, ինչի վերաբերյալ բացասական եզրակացություն է ներկայացրել կառավարությունը՝ հիմնավորելով իր առարկությունը:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Share