Բաժին. Պաշտոնական

Բաց դաս Ազգային ժողովում

Մարտի 23-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալել է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի թիվ 1 և թիվ 2 դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին: Նրանք նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, հետևել պատգամավորների աշխատանքին:

Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների և խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման և ընդունման ընթացակարգերը: Պարոն Սահակյանը կարևորել է նման հանդիպումներն ու աշակերտներին հորդորել լինել նախաձեռնող և երկրի համար պիտանի քաղաքացիներ:

Գալուստ Սահակյանը նշել է, որ խորհրդարանը կարևորում է կրթությունը և կրթական համակարգի խնդիրները մշտապես պահում իր ուշադրության առանցքում: Դրա վառ ապացույցներից է նաև այն, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ երիտասարդներ պետական աջակցությամբ հնարավորություն են ստանում ուսանելու աշխարհի 10 լավագույն բուհերում:

Քարակերտցի աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին և շնորհակալություն հայտնել երկրի կարևորագույն կառույցներից մեկում իրենց հետաքրքրող հարցերը բարձրաձայնելու հնարավորության համար: Նրանք հիմնականում հետաքրքրվել են օրենսդիր իշխանության գործառույթներով, օրենսդրական նախաձեռնություններով ու կրթական բարեփոխումներով:

Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Share