Բաժին. Պաշտոնական

«Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով

Մարտի 24-ին Ազգային ժողովը հյուրընկալել էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից անցկացվող «Հիշատակի էստաֆետ» ակցիայի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներ, վետերաններ և Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի խորհրդարանների պատգամավորներ:

Հայաստանը էստաֆետը հյուրընկալող չորրորդ երկիրն է: Միջոցառումների շարքը մեկնարկել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Պատվիրակությունը ԱՊՀ անդամ երկրներից Սանկտ Պետերբուրգ պետք է տանի անմար կրակների մասնիկները և ապրիլի 16-ին համախմբի Տավրիկյան պալատում անցկացվելիք  միջոցառման ժամանակ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է շուրջ վեց հարյուր հազար հայ: Եվ այդ պատերազմի հաղթական ավարտը հպարտությամբ է հիշում յուրաքանչյուրը, քանի որ հայ ժողովուրդը խորհրդային բանակի կազմում ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով: Անուրանալի են իրենց կյանքը հայրենիքին և հաղթանակին նվիրած հայորդիների քաջագործությունները: Արտակ Դավթյանը փաստել է, որ հաղթանակի նշանակությունը կկարևորվի ոչ միայն յոթանասուն, այլև յոթ հարյուր տարի հետո էլ:

Պատվիրակության ղեկավար Թամարա Դոլգոշեյն իր խոսքում նշել է, որ հաղթանակը Մեծ հայրենական պատերազմում միավորել և միավորում է ազգեր, պետություններ և սերունդներ: Այդ ժողովուրդների ընդհանուր պատմությունը հարուստ է հերոսներով և սխրանքներով: «Հիշատակի էստաֆետի» նպատակն է դաստիարակել հերոսներին արժանի սերունդ, երախտապարտ լինել վետերաններին իրենց նվիրման, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի համար:

Այնուհետև միջոցառման մասնակիցները դիտել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ԱՊՀ ՄԽՎ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի տեսաուղերձները՝ ուղղված «Հիշատակի էստաֆետի» մասնակիցներին:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը և Թամարա Դոլգոշեյը հանդիպել են լրագրողների հետ:

Նույն օրը՝ երեկոյան, «Հիշատակի էստաֆետ» ակցիայի հայաստանյան պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Share