Բաժին. Պաշտոնական

McDonald’s-ը կբարձրացնի 90 հազար աշխատակիցների աշխատավարձը

McDonald’s ընկերությունը համաձայնել է բարձրացնել մոտ 90 հազար աշխատակիցների աշխատավարձը` անձնակազմի շարունակական բողոքների և վաճառքների թույլ աճի ֆոնին, գրում է USA Today պարբերականը: Բարձրացումները կսկսվեն հուլիսի 1-ից: Ընկերությունում ակնկալում են, որ մինչև հաջորդ տարեվերջը միջին ժամավարձը կբարձրանա մինչև 10 դոլար:

Արագ սննդի ռեստորանների աշխատողների շահերը պաշտպանող Fight For $15 կազմակերպությունը, որը ռեստորանների ցանցերից պահանջում է առնվազն 15 դոլարի չափով ժամավարձ, McDonald’s-ի` աշխատավարձերի բարձրացումը որակել է թույլ քայլ մի ընկերության համար, որը 2014-ին ստացել է 5,6 մլրդ դոլարի եկամուտ: Fight For $15 կազմակերպությունը նախատեսում է McDonald’s ռստորանների մոտ բողոքի ակցիաների անցկացում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ McDonald’s-ը կփորձի ներդնել սեղանի մոտ պատվերների ընդունման ռեստորանային համակարգ: Նաև տեղեկացվել էր, որ ամերիկյան ընկերությունը թողարկել է հագուստի սեփական շարքը:

Share