Բաժին. Պաշտոնական

Կիպրոսում թողարկվել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշը

Ապրիլի 2-ին Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությանը: Դրոշմանիշը թողարկվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ դրոշմանիշի թողարկումը արտացոլում է դարերով կապված երկու ժողովուրդների համերաշխությունը և երկարամյա հարաբերությունները: Դրոշմանիշի վրա պատկերված է հայապահպանության դարբնոց ընկալվող Մելքոնյան կրթական հաստատությունը, որի առջևում երևում են հայ որբերի տնկած ծառերը՝ ի հիշատակ իրենց նահատակված ծնողների:

Նշենք, որ Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է Կիպրոսում 1924 թվականին, եգիպտահայ արդյունաբերող եղբայրներ Կարապետ և Գրիգոր Մելքոնյանների կողմից՝ որպես Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հանգրվան և կրթարան:

Միացյալ դրոշմանիշի ներկայացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Կիպրոսի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, Կիպրոսի Հանրապետության կապի նախարարը: 

Share