Բաժին. Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Յանակիս Օմիրուի հետ

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ նման փոխայցերը մեր երկրների եղբայրական դարավոր կապերի, պատմական և մշակութային ընդհանրությունների, հոգևոր արժեքների, հայ և կիպրացի ժողովուրդների միջև հաստատված փոխըմբռնման և վստահության լավագույն վկայությունն են: ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր ժողովուրդները դարեր շարունակ քայլել են կողք կողքի՝  նեցուկ լինելով միմյանց դժվար պահերին:

Իր երախտիքի խոսքն ուղղելով Կիպրոսի խորհրդարանի նախագահին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ Կիպրոսի խորհրդարանը դեռևս 1975 թվականին է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել:

«Մենք երախտապարտ ենք Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին օգնության ձեռք մեկնելու և ապաստան տալու համար: Այսօր կիպրահայ համայնքի ներկայացուցիչները Կիպրոսի իշխանությունների շնորհիվ լիովին ինտեգրված են կիպրական հասարակությանը, ինչպես նաև զգալի դերակատարություն ունեն իրենց երկրորդ հայրենիքի հասարակական և քաղաքական կյանքում»,- իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և այդ համատեքստում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ Հայաստանի և Կիպրոսի միջև խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում որակապես առավել բարձր մակարդակի են հասել: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը հետամուտ է շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ բոլոր ձևաչափերով, հնարավոր բոլոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի մասնատման մասին՝ նշելով, որ Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Նա նշել է, որ Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերում արտահայտված սկզբունքները, որոնց համաձայն՝ Կիպրոսի հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնվի երկհամայնք, երկզոնալ դաշնային կառույցի վրա՝ մեկ ընդհանուր իշխանությամբ և մեկ քաղաքացիությամբ:

Գալուստ Սահակյանը խոսել է նաև Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և այդ երկրի իշխանության կողմից վարվող անառողջ քաղաքականության մասին:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել հայկական պատվիրակությանը Կիպրոս այցելելու և կիպրացիներին մշտապես սատարելու համար:

Յանակիս Օմիրուն նշել է, որ Կիպրոսը մշտապես կաջակցի եղբայրական Հայաստանին միջազգային կառույցներում, ինչպես նաև Եվրոպական միությունում կլինի Հայաստանի բարեկամն ու աջակիցը:

Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Share