Բաժին. Պաշտոնական

Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը

Ապրիլի 7-ին Ազգային ժողովն սկսել է եռօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության օրվա առթիվ՝ մայրերին և կանանց մաղթելով երջանկություն, առողջություն, բարեկեցություն և լավատեսություն:

Պատգամավորներն այնուհետ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած և ԱԺ նիստին հետևող Արմավիրի մարզի Գետաշեն և Լեռնագոգ գյուղերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին:

Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերում քննարկված «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագծերը, բացառությամբ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, որի քվեարկությունը հետաձգվել է մինչև ապրիլի 8-ը:

Խորհրդարանն այնուհետ շարունակել է քննարկել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Հիշեցնենք, որ եզրակացությունում ներկայացված են բնական գազի սակագնի հաշվարկման նորմատիվային բազայի և ստացված ցուցանիշների հետազոտության արդյունքում կատարված մի շարք ընդհանրացումներ, եզրակացություններ և առաջարկություններ, շահագործման և պահպանման ծախսեր, ոլորտի միջազգային փորձը, ՀՀ գազամատակարարման համակարգում բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման մեթոդաբանությունը, դինամիկան և իջեցման ուղիները, համակարգում ներդրումների ուղղություններն ու արդյունավետությունը:

Վարդան Այվազյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, մանրամասնել ուսումնասիրության ոլորտները:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու համար հերթագրվել են 16 պատգամավորներ:

Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ հանձնաժողովը նկարագրական բնույթի աշխատանք է կատարել, վերլուծությունները քիչ են: Պարոն Բագրատյանն անդրադարձել է գազամատակարարման ոլորտում առկա խնդիրներին: Նրա կարծիքով՝ գազի գին սահմանելու անհրաժեշտություն չկա, այն պետք է հաստատի արտադրողը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի ապրիլի 8-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:

Share