Բաժին. Պաշտոնական

Մարոկկոյի պատվիրակությունն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի շրջանակներում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսիի, պատվավոր հյուպատոս Մեհդի Լարակիի և մարոկկացի մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ տիկին Նաղդալյանը հույս է հայտնել, որ այցը նոր էջ կբացի երկու երկրների բարեկամական հարաբերություններում և առաջիկայում նախաձեռնվելիք քայլերը կնպաստեն Հայաստանի և Մարոկկոյի միջև քաղաքական ու միջկուսակցական երկխոսության ակտիվացմանը: ԱԺ փոխնախագահը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր ճկունությամբ կարող է նպաստել բազմաթիվ խնդիրների լուծմանը: Նա կարևորել է Հայաստան-Մարոկկո գործարար համաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է գործարարների համար՝ ծանոթանալու երկու երկրների տնտեսական վիճակին և երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Նաիրա Զոհրաբյանը ևս անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ հույս հայտնելով, որ դեսպանն ու հյուպատոսը իրենց գործուն աջակցությունը կունենան այդ կապերի ամրապնդման հարցում:

Մինա Թունսին և Մեհդի Լարակին հաստատել են իրենց պատրաստակամությունը նպաստելու երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը և զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Այս համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը, կին խորհրդարանականների համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, տարածաշրջանային հիմնախնդիրներին, համագործակցությանը նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում: 

Share