Բաժին. Պաշտոնական

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 17-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստին, որը նվիրված է եղել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է. «Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս երկուսի կապն առաջին հայացքից անտեսանելի է և անուղղակի է թվում, բայց պետք է նշեմ, որ 1915 թվականին հայ ժողովրդի միլիոնուկես զավակներ զոհ դարձան հենց այդպիսի նացիզմի և ֆաշիզմի: Թուրքիայի անպատժելիությունն էր, որ ծնեց Մուսոլինիի ֆաշիզմը և Հիտլերի նացիզմը: Սրա վառ օրինակը գերմանական ռազմական հրամանատարության առջև Հիտլերի հայտարարությունն էր. «Ո՞վ է այժմ հիշում Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջման մասին»: Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Գերմանիայի քաղաքականությունը երիտթուրքերի նացիզմի քաղաքականության շարունակությունն էր:

Հայրենական Մեծ պատերազմը, իրականում, մեր ժողովրդի համար ևս մեկ փորձություն հանդիսացավ, հաղթանակի փորձություն, երբ հայերը, այլ ժողովուրդների հետ մեկտեղ պայքարելով ֆաշիզմի և նացիզմի դեմ, դիմակայեցին հենց այնպիսի չարիքի, որի զոհը դարձան Օսմանյան կայսրությունում»:

Share